среда, 5 октября 2016 г.

Վարդան Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ-ին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422 թ-ին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո՝ 432 թ-ին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ: 
Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թ-ին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների (հոներ) դեմ: Հազկերտ II-ը 449 թ-ին հրովարտակով հայերին առաջարկել է հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականություն (կրակապաշտություն): Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ Արտաշատում գումարված հատուկ ժողովը մերժել է Պարսից արքայի կրոնափոխության առաջարկը: Մերժողական պատասխան են ուղարկել նաև դրացի վրացիներն ու աղվանները: Վարդանին և Հայոց, Վրաց ու Աղվանից իշխանությունների ներկայացուցիչներին կանչել են Տիզբոն: Մահապատժի սպառնալիքի տակ նրանք առերես ուրացել են իրենց հավատքը: 
Հազկերտ II-ը, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ: Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով: 
Վարդան Մամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը:
Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450 թ-ի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել  է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ՝ Ադրբեջանում) քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից: Վարդան Մամիկոնյանի զորախումբը հասել է մինչև Ճորա պահակի ամրությունները (այժմյան Դերբենդ քաղաքի մոտ) և փոխօգնության դաշինք կնքել հոների հետ: 
450 թ-ի վերջին Արտաշատի ժողովում Վարդան Մամիկոնյանն ընտրվել է Հայոց տանուտեր՝ ի հակակշիռ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ծավալված ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, ամրացրել բերդերը և նախապատրաստվել վճռական մարտի: 
Ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին՝ Ավարայր գյուղի մոտ: Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը: Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն: Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները: 
Վարդան Մամիկոնյանի կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության (Ղևոնդ Ալիշան, Դերենիկ Դեմիրճյան), քանդակագործության (Երվանդ Քոչար), գեղանկարչության (Էդուարդ Իսաբեկյան, Գրիգոր Խանջյան, Վահան Խորենյան) մեջ և թատերարվեստում: Վարդանանց են նվիրված կաթողիկոսներ Պետրոս Ա Գետադարձի «Արիացեալք» և Ներսես Դ Կլայեցու (Ներսես Շնորհալի) «Նորահրաշ» շարականները: Վաղ միջնադարից Վարդան Մամիկոնյանին և Վարդանանց նվիրված եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել Հայաստանի տարբեր նահանգներում, հայկական գաղթավայրերում, հետագայում՝ նաև Սփյուռքում:
ՀՀ-ում սահմանվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանը, որով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության և բանակաշինությանը մատուցած ակնառու ծառայությունների համար:
Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սբ Վարդանանք:

Комментариев нет:

Отправить комментарий